• English
  • Հայերեն
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը հունգարական Mandiner լրատվականին

30 հուլիսի, 2023
Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը հունգարական Mandiner լրատվականին
download
see_gallery

Հարց - Հայաստանի և Հունգարիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների վերջնական վերահաստատումը տևեց ավելի քան մեկ տասնամյակ։ Ի՞նչը բերեց այս հաշտեցման։

Պատասխան - Ցավոք, մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը ևս մեկ անգամ բացահայտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյաց քաղաքականության ողջ էությունը, և այս փաստը պատճառ դարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցման համար, ինչի վերաիմաստավորման և հարցին նորից անդրադառնալու համար ժամանակ էր անհրաժեշտ:

Իրականում, սակայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ բանակցություններ սկվել են մոտ մեկուկես տարի առաջ: Արդյունքում երկու երկրների ԱԳ նախարարները նախորդ տարվա դեկտեմբերին Լեհաստանում հայտարարեցին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Այնուհետև սեղմ ժամկետներում երկու երկրները համապատասխանաբար նշանակեցին դեսպաններ, և այսօր մեր առաջադրանքն է այդ հարաբերությունները հնարավորինս զարգացնել և խորացնել:

 

Հարց - Հունգարիայի «Hungary Helps/ Հունգարիան օգնում է» հումանիտար ծրագիրը տարիներով աջակցում է հալածվող քրիստոնյա համայնքներին ճգնաժամային գոտիներում։ Այս նախաձեռնության շրջանակներում էական աջակցություն է ցուցաբերվել նաև Սիրիայում և Իրաքում բնակվող հայ համայնքին, որը մեծ զրկանքների էր ենթարկվել իսլամիստների տիրապետության տակ։ Արդյոք դա ևս դեր է խաղացել (վերոնշյալ) գործընթացում։

Պատասխան - Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը գնահատում է "Hungary Helps" ծրագրի կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնությունները, առավել ևս, որ նմանօրինակ նախաձեռնություն իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետությունում:

Եվ իհարկե նմանօրինակ ծրագրերի իրականացումը նույնպես իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների վերականգման գործում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ ծրագրի հետագա գործունեությանը, ապա կցանկանայի, որ "Hungary Helps"-ի նախաձեռնությունները կուղղվեն նաև այսօր Արցախում բնակվող հայերին աջակցելուն, քանզի նրանք նույնպես հենց հիմա հալածվում են:

 

Հարց - Որո՞նք են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերություններում կարճաժամկետ տեսանկյունից ամենակարևոր նպատակները։ 

Պատասխան - Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ առաջիկա անելիքներին անդրադարձ է կատարվել ԱԳ նախարարների նախորդ տարեվերջյան հանդիպմանը, Հունգարիայի փոխվարչապետ Սեմյոն Ժոլտի Հայաստան կատարած ընթացիկ տարվա մայիսյան այցի և իմ՝ հունգարացի պաշտոնյաների հետ կայացած հանդիպումների շրջանակներում:

Կարծում եմ, որ մեզ կհաջողվի այս տարի անցկացնել նաև երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, ինչը և հերթական խթան կհանդիսանա քաղաքական առողջ երկխոսության դինամիկ զարգացման համար:

Համագործակցության հնարավոր ուղղություններից կկարևորեի տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտները: Տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր դեր ունի և կունենա հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որն այսօր արդեն Եվրոպայի տարբեր քաղաքներից թռիչքներ է իրականացնում Երևան: Հույս ունեմ, որ ավիաընկերությունը կսկսի իրականացնել թռիչքներ դեպի Հայաստան նաև Բուդապեշտից՝ մասնավորապես դեպի Երևան, կամ դեպի Գյումրի, ինչն իր հերթին գործուն քայլ է զբոսաշրջության բնագավառում հաջողություններ գրանցելու համար:

Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները կարող են աջակցել և իրենց ավանդը բերել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման և խորացման հարցում:

 

Հարց - Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակում է: Մինչ ողջ աշխարհը հետևում է Ուկրաինայում ընթացող հակամարտությանը, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հավանականությունը մեծանում է՝ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերով բնակեցված անկլավի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է սննդի, էներգիայի և դեղորայքի մատակարարմների լուրջ սղության։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Ինչպե՞ս կարելի է մեղմել այս իրավիճակը։

Պատասխան - 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի ղեկավարության ցուցումով իրենց «բնապահպաններ» անվանող ադրբեջանցիների մի խումբ սկսել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը։ Համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրեց պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում՝ պահանջելով Ադրբեջանից «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով երկու ուղություններով մարդկանց, տրանսպորտի և բեռների անխոչընդոտ տեղաշարժը»։ Հակառակ դատարանի պահանջի՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ տեղակայեց Լաչինի միջանցքում` էլ ավելի խորացնելով ԼՂ-ում հումանիտար աղետը:

Իսկ արդեն հունիսի 15-ից Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակեց Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, այդ թվում՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր հայտնվել է սովի մատնվելու իրական վտանգի առջև, դեղորայքի բացակայության հետևանքով մի շարք անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում կանանց մոտ հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։ Ստեղծված հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով Հայաստանը ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին։ Հայաստանը կարևորում է նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատումը, որը կերաշխավորվի միջազգային ներգրավվածության և գործուն մեխանիզմի միջոցով:

 

Հարց - Դուք սերտ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ, որտեղ կա մեծ և բավականին ազդեցիկ հայկական համայնք, և Հայաստանը պատմականորեն և ռազմավարական առումով կախված է եղել Մոսկվայի հետ համագործակցությունից, սակայն, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ցնցումների ժամանակ ռուսները, կարծես թե, զերծ են մնում որևէ միջամտությունից՝ չնայած տարածաշրջանում ռուս ռազմական խաղաղապահների ներկայությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Պատասխան - Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ հետ, ինչը ամրագրված է երկկողմ համապատասխան փաստաթղթերով: 2020թ. նոյեմբերի 9-ին հենց ՌԴ միջնորդությամբ կողմերի միջև հաստատվեց հրադադար և ԼՂ-ում տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ այդ թվում տեղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով: ՌԴ այսօր էլ շարունակում է միջոնրդական ջանքեր գործադրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի ԼՂ կապը Հայաստանի հետ և գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Սակայն ինչպես տեսնում եք՝ այսօր Ադրբեջանի կողմից լիովին խափանված է Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և տրանսպորտի տեղաշարժը, ինչը հանգեցրել է ԼՂ-ում հումանիտար աղետի: Այս առումով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարները պետք է գործուն քայլեր իրականացնեն:

 

Հարց - Մեկ այլ մեծ տերություն՝ Միացյալ Նահանգները, ունի բավականին ուժեղ հայ համայնք: Ինպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Պատասխան - Միացյալ Նահանգների հետ ՀՀ հարաբերությունները ընթանում են ռազմավարական երկխոսության ձևաչափով: ԱՄՆ մինչ օրս շարունակում է իր միջնորդական առաքելությունը ԼՂ հիմնախնդրի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

ԱՄՆ բարձր մակարդակով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում:

 

Հարց - Հունգարիան քրիստոնյա երկիր է, որը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և լավ հարաբերություններ՝ Ադրբեջանի հետ: Արդյոք կարո՞ղ է Բուդապեշտը դառնալ միջնորդ, կամ դրական դեր ունենալ Երևանի և Անկարայի կամ Բաքվի միջև լարվածության նվազեցման գործում:

Պատասխան - Այսօր կան բոլորին հայտնի գործող ձևաչափեր և հարթակներ, որոնց շրջանակներում և միջնորդությամբ պարբերական բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Միաժամանակ գնահատելի էր Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան: Անշուշտ, նման քայլերը նպաստում են մթնոլորտի բարելավմանը, ուստի այս ուղղությամբ մարդասիրական ջանքերը մշտապես կգնահատվեն:

 

Հարցազրույցի օրիգինալ տարբերակը՝ https://mandiner.hu/kulfold/2023/07/ujjaszuletnek-az-ormeny-magyar-diplomaciai-kapcsolatok-ormenyorszag-nagykovetet-kerdeztuk?fbclid=IwAR3Y9wzQduxAktM-UDWGkWeqvnToET0W72wQpMBEsGi4tf3uBSrKTPfqyjA

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` 0102, Վրաստան, Թբիլիսի, Տետելաշվիլի փող. 4
Հեռախոսներ` (+995 32) 295 17 23 / 295 94 43 (դեսպանություն)
(+995 32) 295 09 77 (հյուպատոսական բաժին)
(+995 599) 09 54 64 (թեժ գիծ)

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: